Իրավիճակը շատ լուրջ է, Խարկովը պահելու համար մեզ պետք է 2 Patriot համակարգ. Զելենսկի

16:20 • 16.05.24

Իրավիճակն Ուկրաինայում այնքան լուրջ է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված է եղել չեղարկել ծրագրված այցը Իսպանիա և ուղիղ գալ Խարկով՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը, որը իրական վտանգի տակ է ռուսական առաջխաղացումից, գրում է ABC News-ը, որի թղթակիցն ուղեկցել է Ուկրաինայի նախագահին։

«Ինձ համար իսկապես կարևոր է այստեղ լինելը: Իրավիճակը շատ լուրջ է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը», - ասել է Զելենսկին:

Նա շատ հստակ ասել է, որ ԱՄՆ-ի օգնության ձգձգումն անմիջական ազդեցություն է ունեցել պատերազմի և հյուսիսարևելյան սահմանի երկայնքով տիրող իրավիճակի վրա:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն է մեղավոր նրա համար, ինչը հիմա կատարվում է Խարկովում։

«Դա աշխարհի մեղքն է: Պուտինին մեր հողերի օկուպացիայի հնարավորություն են տվել։ Բայց հիմա աշխարհը կարող է օգնել: Մեզ անհրաժեշտ է ընդամենը երկու Patriot համակարգ: Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը, եթե մենք ունենանք դրանք», - հավելել է Զելենսկին: