ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ․ ՏԿԵՆ փոխնախարար

14:36 • 16.05.24

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միջազգային գործընկերության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մարյետա Յագերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպամանը մասնակցել են նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, պաշտոնատար  այլ անձինք։

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել հանդիպման կարևորությունը՝  հաշվի առնելով, որ ԵՄ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում  զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։

Տերտերյանն օրակարգային հարցերից բացի խոսել է էներգետիկ ոլորտում մի շարք ընթացիկ, սպասվող և հեռանկարային ծրագրերից՝ այս համատեքստում ընդգծելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ)-ի  կարևորությունը և նշանակությունը ՀՀ-ի համար։

Մարյետա Յագերը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ողջունել ՀՀ կառավարության ներդրած ջանքերն էներգետիկ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և հետաքրքրվել  է ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, արդիականացման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումից, կարիքներից և կարևոր այլ հարցերից։

Նախարարի տեղակալը ներկայացրել է իրավիճակը, խոսել է ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության զարգացման  հեռանկարներից, ՀԱԷԿ-ի  հետագա անվտանգ շահագործմանն ուղղված աշխատանքներից և կարևորել է հյուրերի այցը ՀԱԷԿ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքների արդյունքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա համագործակցությունը ոչ միայն ֆինանսական, այլ նաև մեթոդական, միջազգային գիտական փորձը փոխանցելու ուղղությամբ։