ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ. կա 1 զոհ, 74 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

12:03 • 18.04.25

ՌԴ-ն այսօր առավոտյան 3 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի Խարկով քաղաքի Օսնովյանսկի շրջանի ուղղությամբ: Հարձակման հետևանքով կա 1 զոհ, 74 տուժած, հայտնում է korrespondent.net-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միակ զոհը՝ 79-ամյա տղամարդը, հարձակման պահին իր բնակարանում է եղել:

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ Խարկովին հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով։ Իրավապահները ստուգման ընթացքում պարզել են, որ հակառակորդի հրթիռները պայթեցվել են օդում՝ ավելի մեծ տարածք և թիրախներ խոցելու նպատակով։

Նշվում է նաև, որ հարձակումը  էական նյութական վնաս է պատճառել:

«Հրթիռակոծության հետևանքով վնասվել է ավելի քան 50 բազմաբնակարան շենք և ավելի քան 30 ավտոմեքենա»,- ասել է Խարկովի շրջանային դատախազության ներկայացուցիչը։

Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: