ՍԴ-ն կամ կգնա իրավունքի ճանապարհով, կամ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով. Մամիկոն Ասլանյան

17:02 • 26.06.26

ՍԴ-ն կամ կգնա իրավունքի ճանապարհով, կամ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:

«ՍԴ-ն ընտրություն կատարելու շատ մեծ շրջանակ չունի, այստեղ խնդիրը հետևյալն է՝ ՍԴ-ն կորոշի գնալ իրավական լուծումներ գտնելու ու արձանագրելու ճանապարհով, թե քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով»,- նշեց Ասլանյանը:

Հարցին, թե ըստ Ասլանյանի՝ որ ճանապարհը կընտրի Սահմանադրական դատարանը, վերջինս պատասխանեց. «Այստեղ իմ կարծելը ու դրա վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալը մեզ երբեք չպետք է զերծ պահի օգտվելու բոլոր օրենսդրական գործիքակազմերից, որովհետև հույս ունենալը այլ բան է, արձանագրումները այլ բան: Այսինքն որևէ բան չանենք և ասենք, որ չենք հավատում ու ունենք կանխակալ վերաբերմունք՝ շատ ավելի վատ է, քան անել ու արդյունք չունենալ, մի գործ, եթե չես անում, դրա արդյունքի մասին չես էլ իմանում»:

Անդրադառնալով ՍԴ-ի հնարավոր որոշմանը ու իրենց ունեցած պլան բ-ին, Ասլանյանը պարզաբանեց, որ այստեղ հարցը պլանները ցուցակագրելու մասին չէ, պայքարը ինքն իրեն ենթադրում է, որ չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ վերջնակետին չեն հասել:

«Ուստի, անկախ ՍԴ-ի ընդունած որոշումներից՝ այս պայքարի անունը իշխանափոխությունն ու հաղթանակն է, և բոլոր գործիքները պետք է օգտագործվեն՝ այն իրականացնելու համար»,- շեշտեց նա: