Արարատ Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

20:30 • 24.09.26

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և վերջինիս առկայության պայմաններում միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով:

Հայաստանի և Իրաքի նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում օրակարգային հարցերի շուրջ փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք