Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են․ Տիգրան Աբրահամյանը՝ Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելու մասին
ՊԲ զինծառայող, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն ու մեր մյուս նվիրյալներն արդեն պատմության էջեր են մտել որպես հայրենիքը պաշտպանող ու հայրենիքին անձնվիրաբար ծառայած հերոսներ: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ալբերտն ու մեր մյուս նահատակները մեր երկրի համար ճակատագրական պահին գնացին մարտի: Գնացին ու իրենց չափաբաժին խրամատը կյանքի գնով պաշտպանեցին:
Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ:
Իսկ ովքեր եք դուք: Պատմությունը ձեզ արդեն դասել է դավաճանների և ուրացողների ցանկում, ու դա խմբագրել պարզապես անհնար է:
Փառք մեր հերոսներին, հավերժ փառք մեր նահատակներին»,-գրել է նա։














