Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման յոթօրյա ծրագիր. Արաղչի

10:07 • 26.09.26

Թեհրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման յոթօրյա ծրագիր: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել հստակ յոթօրյա ծրագիր. եթե անհրաժեշտ պայմանները կատարվեն, նեղուցը նորից կբացվի, և բնականոն նավագնացությունը կվերականգնվի յոթ օրվա ընթացքում: Ընտրությունը Միացյալ Նահանգներինն է»,- ասել է նա լրագրողներին:

«Յոթօրյա ժամկետը կսկսվի այն պահից, երբ ԱՄՆ-ն ընդունի այս ծրագիրը։ Դրանում կան որոշակի գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն Միացյալ Նահանգների կողմից: Մենք կարծում ենք, որ դրանք կարելի է իրականացնել չորս-հինգ օրում: Վեցերորդ օրը նեղուցը կբացվի, իսկ յոթերորդ օրը կմեկնարկեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական գործարքի շուրջ»,- նշել է ԱԳ նախարարը։

Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները նոր չեն, դրանք արդեն իսկ ամրագրված են փոխըմբռնման հուշագրում: