«ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին

17:45 • 14.10.26

ԱԿԳ դեղատների ցանցի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված հրապարակումների և դրանցում ներկայացված խախտումների մասին տեղեկությունների կապակցությամբ կարևոր ենք համարում պարզաբանել իրավիճակը և ներկայացնել այն փաստական համատեքստում։

Մենք ընդունում ենք, որ որոշ ապրանքների համար EAC համապատասխանության հավաստագիրը բացակայել է, չնայած դրանց մեծ մասն ունեցել է եվրոպական պահանջների համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:


Նշված ցանկում ներառված են, մասնավորապես, թղթե նվերային տոպրակներ, նվերների փաթեթավորման դեկորատիվ թուղթ, գովազդային ակցիաների շրջանակում որպես նվեր տրամադրելու համար նախատեսված և առանձին վաճառքի համար չնախատեսված սանրեր, ինչպես նաև կոսմետիկ արտադրանքի մի քանի տեսակներ։

Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և կարևորում համապատասխանության գնահատման սահմանված ընթացակարգերի պահպանումը։ ԱԿԳ-ն պատրաստակամ է իրավասու պետական մարմնի կողմից սահմանված կարգով և ժամկետներում վերացնել փաստաթղթային համապատասխանության հետ կապված հայտնաբերված փաստաթղթային անհամապատասխանությունները։


Միևնույն ժամանակ սկզբունքային ենք համարում, որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը լրատվական և տեղեկատվական մեդիայի կողմից ներկայացվի ճշգրիտ և համաչափ՝ հաշվի առնելով դրանց բնույթը, առանց սպառողների շրջանում արտադրանքի՝ առողջության համար վտանգավոր լինելու տպավորություն ստեղծելու, եթե նման եզրակացությունները հիմնավորված չեն համապատասխան փաստերով։

Մեզ համար առաջնային են սպառողների անվտանգությունը, թափանցիկությունը և օրենսդրական պահանջների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Մենք համոզված ենք, որ օբյեկտիվ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացրել էին «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի ցանցում բացահայտված էական խախտումների մասին: