«Լիդիան Արմենիա»-ի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է «Ջոն Հոբբսի» անվան մրցանակին (տեսանյութ)

14:39 • 20.10.26

«Լիդիան Արմենիա» ընկերության կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերից մեկը՝ Մատնունի ծիրանավոր (Potentilla Porphyrantha) բուսատեսակի գիտահետազոտական ուսումնասիրության, վերարտադրության և երկարաժամկետ պահպանության ծրագիրը, հաղթող է ճանաչվել Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցույթում։ Մրցանակը հանձնվեց օրերս կայացած «Mining Armenia Forum 2026»-ի շրջանակում:

«Լիդիան Արմենիա»-ի Բնապահպանության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մինչ այդ Մատնունի ծիրանավորի երկու պոպուլյացիա էր հայտնի, սակայն ընկերության հետազոտությունների արդյունքում դրանց թիվը հասավ չորսի, որոնցից մեկը հայտնաբերվել է Ամուլսարում, մյուսը՝ Նախիջևանի սահմանամերձ տարածքում։

«Մինչ մեր ուսումնասիրությունները՝ Մատնունի ծիրանավորի աճելավայրերի թվում Ամուլսարը Կարմիր գրքում նշված չէր։ Այդտեղ տեսակի առաջին պոպուլյացիան հայտնաբերվեց մեր գործունեության արդյունքում, ինչից հետո ձեռնամուխ եղանք դրա մանրակրկիտ ուսումնասիրությանը և հաշվառմանը։ Մեր գնահատմամբ՝ Ամուլսարի պոպուլյացիան կազմում էր շուրջ 7,500 առանձնյակ։ Սակայն մեր հետազոտությունները չսահմանափակվեցին միայն Ամուլսարով և հարակից տարածքներով․ մասնագետներն ուսումնասիրեցին նաև Հայաստանի բարձրադիր լեռնային շրջանները, ինչի արդյունքում մեր ջանքերով ևս մեկ նոր պոպուլյացիա հայտնաբերվեց Նախիջևանի սահմանամերձ տարածքում»,- մանրամասնում է Ռուբեն Վարդանյանը։

 

Ծրագիրը «Լիդիան Արմենիա»-ն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, «Treweek» բնապահպանական խորհրդատվական ընկերության և Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ՝ ներգրավելով հայաստանյան և միջազգային առաջատար գիտնականների։

Վարդանյանը նշում է՝ ծրագիրը մեկնարկել է 2011-12 թվականներին՝ կենսաբազմազանության լայնածավալ և համապարփակ ուսումնասիրությունների շրջանակում։ Հենց այդ հետազոտությունների ընթացքում էլ առաջին անգամ հայտնաբերվել և նույնականացվել է տեսակը։

«Ծրագրի հիմնական նպատակն էր ապահովել կենսունակ և ինքնավերարտադրվող պոպուլյացիայի ձևավորումը, որպեսզի հետագայում հնարավոր լինի բույսերը վերադարձնել իրենց բնական աճելավայր և վերականգնել այնտեղ տեսակի պոպուլյացիան։ Ծրագրի արդյունքներն այս պահին բավականին գոհացնող են․ մեզ արդեն հաջողվել է ստանալ բազմաթիվ կենսունակ առանձնյակներ։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ այս ծրագիրը «Լիդիան Արմենիա»-ի՝ բնապահպանական կառավարման շրջանակում իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից միայն մեկն է։ Մենք իրականացնում ենք նաև մի շարք այլ բնապահպանական ծրագրեր»,- ասում է Ռուբեն Վարդանյանը։

Ջոն Հոբբսի անվան մրցանակը «Լիդիան Արմենիա»-ի համար հատկապես խորհրդանշական է այնքանով, որ հանձնվում է Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համատեքստում՝ ընդգծելով պատասխանատու հանքարդյունաբերության և կենսաբազմազանության պահպանության համատեղելիությունը։

Ընկերությունից վստահեցնում են՝ «Լիդիան Արմենիա»-ն այսուհետ ևս շարունակելու է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված իր նախաձեռնությունները՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և Հայաստանի բնական ժառանգության պահպանության երկարաժամկետ հանձնառությամբ։