Թեհրանն ու Մոսկվան պատմության մեջ երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Արաղչի

09:32 • 20.10.26

Թեհրանն ու Մոսկվան պատմության մեջ երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք քննարկեցինք բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը, Ուկրաինան և Եմենը։ Ինչպես նաև կենտրոնացանք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա։ Մեր պատմության մեջ Իրանը և Ռուսաստանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»,- գրել է Արաղչին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանել էր Թեհրան, որտեղ նրան ընդունել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ինչպես նաև հանդիպել էր Արաղչիի հետ և հանդիպում ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի հետ։