Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին, ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին և ընտրակաշառքի դեպքերին։
Հակոբյանը անդրադարձել է Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի՝ ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ձերբակալությանը ընտրություններից օրեր առաջ։
«Ես կարծում եմ պետք է ոչ թե օրերին նայել, այլ երևույթին։ Իսկ երևույթը արդեն ծիծաղելի չէ։ Էս ուժը տաղանդավոր կաշառատու է, տաղանդավոր։ Երբ որ համապետական ընտրություններին տեսնում ենք ինչքան շատ են դեպքերը… բայց երբ որ մի տեղ ես մասնակցում ու էդ մի տեղում էլ ես կաշառքի վրա բռնվում, նշանակում է իրոք դու շատ տաղանդավոր կաշառատու ուժ ես, 100 տոկոսանոց կաշառատու»։
Նա վստահեցրել է, որ իշխանությունը որևէ կերպ չի խոչընդոտում մրցակիցներին։
«Մենք մասնակցում ենք այդ ընտրություններին, մենք վստահ ենք մեր ուժերի վրա, և էդ ուժի մասնակցելը մեզ բնավ չի խանգարում։ Շատ լավ կլիներ որ մասնակցեին ազնիվ կերպով, քարոզարշավ անեին, ու միգուցե ինչ ձևաչափով մասնակցեին կառավարմանը համայնքի։ Բայց մենք որևէ կերպով իրենց չենք խոչընդոտում»։
Խոսելով իշխանությունների հետ Առուշ Առուշանյանի հարաբերությունների մասին՝ Հակոբյանը նշել է, որ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի։
«Դա պետականամետ մտածելակերպ է, որ պարոն Առուշանյանը համագործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ իր համայնքը ծաղկի։ Եվ այսօր Գորիսը լավագույն համայնքներից է»,-նշել է նա։












