Տավուշի մարզի չորս դպրոց կմիավորվի․ Կիրանցում կստեղծվի միջնակարգ դպրոց, Լուսաձորում՝ կրթահամալիր․ Hetq.am
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Տավուշի մարզի չորս հիմնական դպրոց միավորել երկու ուսումնական հաստատության մեջ։ Կիրանցի և Աճարկուտի դպրոցների միավորման արդյունքում կստեղծվի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց, իսկ Լուսաձորի և Ակնաղբյուրի դպրոցների միավորմամբ՝ Լուսաձորի կրթահամալիր։ Որոշման նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այս մասին գրում է Հետքը։
«Նախարարության հիմնավորմամբ՝ դպրոցների միավորման նպատակն աշակերտների համար ավելի որակյալ կրթական միջավայր ստեղծելն է, ուսուցիչների աշխատանքը կազմակերպելն ու դպրոցական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելը։
Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցում սովորում է 40 աշակերտ, Աճարկուտի հիմնական դպրոցում՝ 10։ Դպրոցների միջև հեռավորությունը 2.7 կմ է, իսկ տրանսպորտով ճանապարհը տևում է մոտ 5 րոպե։
Լուսաձորի հիմնական դպրոցում սովորում է 63 աշակերտ, Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոցում՝ 35։ Այս երկու դպրոցների միջև հեռավորությունը 5 կմ է, տրանսպորտով ճանապարհը՝ մոտ 9 րոպե։
Նախարարությունը նշում է, որ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում հաճախ դժվար է ձևավորել լիարժեք դասարաններ, ապահովել երեխաների շփումն ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։ Նման դպրոցներում նաև դժվարություններ կան ուսուցիչների կայուն կազմ ձևավորելու և ժամանակակից կրթական միջոցները հասանելի դարձնելու հարցում։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում կան տասնյակ դպրոցներ, որտեղ աշակերտների ընդհանուր թիվը չի գերազանցում 15-ը, իսկ սովորողները ներկայացնում են ընդամենը մեկից հինգ ընտանիք։ Նախարարության գնահատմամբ՝ մեկ դասարանում մեկ կամ երկու աշակերտ ունենալը սահմանափակում է երեխաների՝ միմյանց հետ շփվելու, թիմային աշխատանք կատարելու և առողջ մրցակցության պայմաններում սովորելու հնարավորությունները։
Նախարարությունը նաև նշում է, որ փոքրաթիվ դպրոցներում մեկ աշակերտի կրթության համար պետության ծախսերը կարող են զգալիորեն գերազանցել մյուս դպրոցների ծախսերը։ Որոշ դեպքերում տարեկան ծախսը մեկ աշակերտի հաշվով հասնում է 20 մլն դրամի, մինչդեռ հանրապետությունում միջին ցուցանիշը շուրջ 250 հազար դրամ է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ավելի մեծ ֆինանսավորումն ինքնին չի ապահովում կրթության ավելի բարձր որակ, իսկ միջազգային TIMSS և PISA հետազոտությունների տվյալներով՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների սովորողների կրթական արդյունքները որոշ դեպքերում զիջում են մյուս դպրոցների ցուցանիշներին։
Դպրոցների միավորմամբ նախարարությունը նախատեսում է ուսուցիչների ներուժը կենտրոնացնել ավելի մեծ հաստատություններում, ապահովել նրանց աշխատանքի ավելի կայուն պայմաններ և ընդլայնել լաբորատորիաների, համակարգիչների, գրադարանների ու մարզական ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունները։
Հիմնավորման համաձայն՝ PISA 2025-ի տվյալներով՝ Հայաստանում սովորողների 39%-ի ուսումնառությունը խոչընդոտվում է դպրոցների շենքային պայմանների, իսկ 56%-ինը՝ թվային ռեսուրսների անբավարարության պատճառով։ Նախարարությունը կարծում է, որ ժամանակակից սարքավորումների և կրթական ենթակառուցվածքների կենտրոնացումը խոշորացված դպրոցներում թույլ կտա դրանք հասանելի դարձնել ավելի մեծ թվով աշակերտների։
Նախագծում անդրադարձ կա նաև աշակերտների տեղափոխման հարցին։ Նախարարության հավաստմամբ՝ տեղափոխումը կազմակերպվելու է կանոնավոր, անվճար և անվտանգ եղանակով՝ սահմանված չվացուցակով և ուղեկցողի մասնակցությամբ»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։














