Դիմացի ավտոմեքենայի վարորդը լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից

12:54 • 13.11.26

Դիմացի ավտոմեքենայի վարորդը լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին: «Էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել այսօր՝ նոյեմբերի 13–ին, Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպի մասին։

«Տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով դիմացի ավտոմեքենայի վարորդին զգուշացրելէ, որ մի քիչ առաջ շարժվի, որպեսզի հետևից եկող մեքենային ճանապարհ տա, որպեսզի վերջինս կարողանա վերադասավորվել դեպի աջ գնացող գծի մեջ։ Լուսային ազդանշան տալ սովորական ու ընդունված ձև է վարորդների շրջանում։

Դիմացի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին, որից հետո արդեն կանգառում, որտեղ տրոլեյբուսը կանգառ է արել, մոտեցել է տրոլեյբուսի վարորդին և նրանց միջև վեճ է առաջացել։

Տրոյելբուսի ուղևորները, ի պատիվ իրենց, պաշտպանել են տրոլեյբուսի վարորդին և կարողացել են հանդարտեցնել վիճակը։ Միջադեպը շարունակություն չի ունեցել։ Ապրեն մեր ոստիկանները, պարեկները, որոնք շատ արագ արձագանքել են, եկել էին տրոլեյբուսի պարկ, որ վարորդի հետ խոսեն։

Իհարկե, տհաճ միջադեպ է եղել, բայց ոչ շատ լուրջ։ Բնականաբար, տրոլեյբուսի վարորդը շարունակում է աշխատել»։

Ինչ վերաբերում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ թքելուն, Պետրոսյանն ասաց. «Տեսանյութում կինն ասում է, որ թքել է, մյուս կողմին որ լսեն, ոստիկանները կպարզեն՝ թքել է, թե ոչ։ Հետաքննություն է ընթանում։ Փառք Աստծո, միջադեպը որևէ հետևանք չի ունեցել։ Հնարավոր է՝ խուլիգանության հատկանիշներով գործ հարուցվի, բայց ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»։

Հիշեցնենք, որ Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվել: