Քանի դեռ իշխանությունը ՀՀ քաղաքական կյանքին կապ չունեցող կուսակցությունների հետ դաշինք է կազմում, ոչ մի կառուցողական ընդդիմություն էլ, ահել, թե ջահել, չի ձևավորվելու․ Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

21:49 • 26.10.26

Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց չհասկացա Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Համոզված եմ՝ Դուք էլ շատ լավ գիտեք, որ քանի դեռ խոշոր օլիգարխիան քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, քանի դեռ դրսից ղեկավարվող ուժերը գրանցվում են որպես կուսակցություն և հնարավորություն են ստանում ընտրություններին մասնակցելու, քանի դեռ ՀՀ ընտրություններում քվեի դիմաց գումար առաջարկող կա, բայց չկա որևէ դատավճիռ, քանի դեռ իշխանությունը ՀՀ քաղաքական կյանքին կապ չունեցող կուսակցությունների հետ դաշինք է կազմում, իսկ միջին ու ներքին օղակներում այնպիսի վարչական ճնշում գործադրում, որ բարձրանում է մրցակից առաջադրվողի շալակը, ոչ մի կառուցողական ընդդիմություն էլ, ահել, թե ջահել, չի ձևավորվելու։

Իսկ ընդհանրապես՝ ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք»,-գրել է նա։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, ով կառավարվում է դրսից, պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձևավորի։

«Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող, կեղծ ընդդիմություն։ Հետևաբար լուծումը ո՞րն է։ Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական, պետականակենտրոն ուժերն ակտիվանան։ Մենք իրենց բնականաբար չենք կարող աջակցել, օգնել, բայց մենք իրենց ոչ մի բանով չենք խանգարի»-նշել էր Փաշինյանը: