Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին. Էդգար Ղազարյանի ձևակերպումը վրդովեցրեց ՔՊ-ականներին
Տիկին Բաթոյան, Դուք ներկայանում եք որպես նախագծի համահեղինակ, բայց իրականում մենք ավելի լայն տեղեկացվածության տիրույթում ենք գտնվում, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդադառնալով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
«Տեղեկացված ենք, որ այս նախագծի նախաձեռնության իրական հեղինակը Դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով: Նա է հայտարարել, որ ինքն է այս նախաձեռնության հեղինակը, այս նախագծի իրական հեղինակը»,-նշել է Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի խոսքն ընդհատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ դիմելով նիստը ղեկավարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին:
«Ձեզ հորդորում եմ, խնդրում եմ, որ նիստի մասնակիցներին հորդորեք՝ իրենց չափի մեջ մնալ, հակառակ դեպքում ես եմ միջամտելու»,-ասել է Բաքոյանը։
«Միջամտելու անհրաժեշտություն չկա, պարոն Բաքոյան, և ես խնդրում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մնա իր լիազորությունների շրջանակում»,-նշել է Լիլիթ Գալստյանը:











