Գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններով. Արամյան
Գազի գնի հնարավոր բարձրացումը, ֆինանսների նախկին նախարարի համոզմամբ, ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական ներուժին։ Վարդան Արամյանն այս առումով համաձայն է ԿԲ նախագահի ներկայացրած ապոկալիպտիկ սցենարի հետ։
Հայաստան մատակարարվող գազի գնի 69% թանկացման պարագայում սպառողների համար գազի գինը կբարձրանա շուրջ 29%–ով` 143 դրամից հասնելով 185–ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։
Արամյանի գնահատականներով` գազի սակագնի բարձրացումը ՀՀ տնտեսության վրա ազդելու է միանգամից մի քանի ուղղություններով։
«Առաջինը սոցիալական էֆեկտն է, քանի որ, եթե նույնիսկ կառավարությունը սուբսիդավորի անապահով խավերի վարձավճարները, միջին խավի համար թանկացման հետևանքները, բավական ծանր են լինելու։ Բնակչության ծախսերի աճը բերելու է դրանց կրճատման, հետևաբար նաև` պահանջարկի անկման, ինչից հիմնականում տուժելու են առևտրի և ծառայությունների ոլորտները»,– ասել է նախկին նախարարը։
Իսկ ամենաշատը, նրա խոսքով, տուժելու է արտադրությունը` գյուղատնտեսական ապրանք արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։
«Թո՞ւյլ կտա իրենց շահութաբերությունը կլանել գազի գնի 69% բարձրացումը։ Բիզնեսի որոշ տեսակների մոտ` այո՛, որոշ տեսակների մոտ՝ ո՛չ։ Օրինակ` ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է ընդհանրապես խնդիր չունենալ։ Բայց գյուղատնտեսությունը, ծանր արդյունաբերությունը, որոնց ծախսերի կառուցվածքում զգալի է գազի կշիռը, բնականաբար, խնդիրներ են ունենալու։ Սա ուղիղ հարվածելու է երկրի տնտեսական պոտենցիալին։ Դրա համար էլ Մարտին Գալստյանը օգտագործել է այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես նրա հետ համաձայն եմ»,– ասել է Արամյանը։
Խոսելով գազի հնարավոր թանկացումից` Փաշինյանը լրագրողներին նաև ասել էր, որ գազի գինը նախկինում էլ է թանկացել, բայց ՀՀ կառավարությունը հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների շնորհիվ կարողացել է այնպես անել, որ դա նկատելի չլինի բնակչության համար։
Արամյանը հիշեցրել է, որ այդ սուբսիդավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ քաղաքացիների հաշվին, և այդ ծախսերն անվերջ հնարավոր չէ թողնել պետական բյուջեի, հետևաբար` ՀՀ շարքային քաղաքացու գրպանի վրա։
«Եթե հասարակության բոլոր անդամներին պետք է սուբսիդավորի, դա բավական լուրջ ծախս է լինելու բյուջեի համար։ Եթե լինելու են ֆոկուս խմբեր, ապա պետք է հասկանանք` ովքեր են լինելու այդ խմբերը։ Հետևաբար պետք է հասկանանք` եթե սակագինը բարձրանա, մասնակի են սուբսիդավորելու, ամբողջությամբ են սուբսիդավորելու, ինչ ժամկետներում են սուբսիդավորելու, որպեսզի կարողանանք դատողություն անել, թե բյուջեի վրա բեռը ինչքան է լինելու»,– ասել է նա։
Նրա խոսքով` հատկապես ընթացիկ տարվա բյուջեում նման ծավալի լրացուցիչ ծախսային բեռ ավելացնելը չափազանց բարդ խնդիր է գործադիր իշխանության համար, և այսօրինակ ծախսերը, որպես կանոն, իրականացվում են կապիտալ ծախսերի կրճատման հաշվին, այսինքն` դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլն։
Անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցում նշված 69 տոկոսով թանկացման կանխատեսմանը` Արամյանը նշեց, որ զեկույցի հեղինակները հաշվարկել են միայն շուկայական արժեքին մոտարկելու արդյունքում հնարավոր թանկացումը, մինչդեռ ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանի վրա` որպես ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի, սկսելու է կիրառվել նաև գազի և նավթամթերքի ներկրման մաքսատուրքը։ Արամյանի տվյալներով` դա ևս լրացուցիչ շուրջ 30 տոկոս թանկացում է ենթադրում։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում ներկա պահին գործող գազի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2022 թվականի մարտի 1-ին և գործում է նույն թվականի ապրիլի 1-ից։ Բնակիչ-բաժանորդների համար գազի 1 խմ–ի գինը 143.7 դրամ է, սոցիալապես անապահով ընտանիքների համար` 100 դրամ, որը, ի դեպ, վերջին թանկացումից չի փոխվել` պետության սուբսիդավորման շնորհիվ մնալով անփոփոխ` տարեկան մինչև 600 խմ սպառման դեպքում։
Ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։










