VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը

11:46 • 26.10.26

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակը (2-1)՝ անդրադառնալով նաև մրցավարությանը։

Հանդիպումը կայացել է Բարսելոնայի «Սպոտիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարը Խուան Մարտինես Մունուերան էր։

«Սա հիանալի հանդիպում էր, բարձր մակարդակի խաղ, որն անկասկած դիտում էր յուրաքանչյուր ֆուտբոլասեր։ Միմյանց դեմ մրցում էին հաղթանակի համար պայքարող երկու թիմեր։ Ավելի շատ կխոսեմ իմ թիմի մասին․ տղաներն արտակարգ հանդիպում անցկացրեցին՝ գործելով շատ կազմակերպված ու կենտրոնացած։ Նրանք խիզախորեն գնդակ էին խաղարկում մեր դարպասից՝ հաղթահարելով մրցակցի ուժգին պրեսինգը։ Մենք հաշիվը 2-0 դարձնելու հնարավորություններ ունեինք, Ջուդն ու Կիլիանը մեկ պաշտպանի դեմ երկուսով դուրս գալու հնարավորություն ունեցան, սակայն դրվագը հաջող չավարտեցինք։ Իհարկե, երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» արձագանքեց, բայց մենք պահպանեցինք հանգստությունն ու կազմակերպվածությունը, և նույնիսկ 1-1 հաշվի ժամանակ չկորցրինք ինքնատիրապետումը։

Կրկնում եմ, մենք հաղթեցինք ուժեղ մրցակցի այնպիսի մրցավարի պայմաններում, որը, կարծում եմ, հիանալի հանդիպում անցկացրեց։ Ինձ թվում է՝ VAR-ը քնած էր 60-րդ րոպեին. դա ակնհայտ կարմիր քարտ էր Ժոաու Կանսելուին՝ Դիոմանդեի նկատմամբ կոպիտ խաղի համար, բայց, ընդհանուր առմամբ, սա հրաշալի հանդիպում էր և փառահեղ հաղթանակ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ «Ռեալը» շարունակում է մնալ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ Այնուամենայնիվ, այժմ «սերուցքայինները» առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում ընդամենը երեք միավորով։ «Էլ Կլասիկոյի» այս արդյունքը զգալիորեն սրում է պայքարը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում։

Աղբյուրը`ArmSport.am