Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

18:03 • 26.11.26

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում պարբերաբար իրականացվում են նաև ուժեղացված ծառայություններ։
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել «Արզական» անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատում կատարող չորս տղամարդու, որոնցից երկուսը՝ Բջնի, երկուսը՝ Արզական գյուղի բնակիչ են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Ոստիկանության գվարդիայի Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք նոյեմբերի 22-ին՝ ժամը 20.15-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի, որոնք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի և Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։ Ուժեղացված ծառայության ընթացքում նրանք Բերդ-Ծաղկավան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈԻԱԶ» մակնիշի բեռնատարը։ Պարզվել է, որ բեռնատարում առկա ակացիա տեսակի փայտանյութի վերաբերյալ 42-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չունի։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Բերդ քաղաքի 32-ամյա բնակչից։ 

Ստուգմամբ պարզվել է, որ ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է 126 հազար դրամի վնաս։ 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին։