Billboard-ը անվանել է տարվա ամենահաջողակ երաժիշտներին
Billboard ամերիկյան ամսագիրը կազմել է 2009թ. կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտների վարկանշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականում է U2 իռլանդական խումբը։
Billboard-ի տվյալներով` U2-ն 2009թ. վաստակել է 108,6 մլն դոլար՝ նախևառաջ, 360 degrees համերգային շրջագայության հաշվին։ Երկրորդ հորիզոնականում է Բրյուս Սփրինգսթինը՝ U2-ից կրկնակի պակաս արդյունքով (57,6 մլն դոլար):
Առաջատար եռյակը եզրափակում է Մադոննան՝ 47,2 մլն դոլարով։ Չորրորդ հորիզոնականում AC/DC-ն է`43,6 մլն դոլարով, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բրիտնի Սփիրսը, որը 2009թ. վաստակել է 38,8 մլն դոլար։
Լավագույն տասնյակի մեջ ներառվել են նաև Pink-ը (36,3), Jonas Brothers-ը (33,5), Coldplay-ը (27,3), Քենի Չեզնին (26,5-ը), Metallica-ն (25,5)։
Բեյոնսեն այս տարի իր համերգային շրջագայությունների շնորհիվ վաստակել է 23,6 մլն դոլար։ Լավագույն քսանյակում ընդգրկվել է նաև հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը, որի ձայնասկավառակների, տեսասկավառակների վաճառքի, ֆիլմի ցուցադրության և այլ կոմերցիոն նախագծերի իրականացման շնորհիվ գոյացել է 17,3 մլն դոլար։
Բացի այդ, Billboard-ը կազմել է վերջին տասնամյակի ամենահաջողակ շրջագայող կատարողների թոփ-25-ը, որտեղ առաջատարն է The Rolling Stones-ը։










