Լորա Բուշն ավարտել է իր մեմուարները

11:04 • 02.03.10

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Լորա Բուշը ավարտել է իր մեմուարները։ Մարտի մեկին լրագրողներին ներկայացվել է նրա Spoken From the Heart գրքի շապիկը։ Ամերիկյան գրախանութներում նախկին առաջին տիկնոջ մեմուարները վաճառքի կդրվեն ընթացիկ տարվա մայիսի 4-ին։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ Ջորջ Բուշ կրտսերի կինն իր գրքում պատմել է հետաքրքիր անձանց հետ հանդիպումների մասին, որոնք հիմնականում տեղի են ունեցել Բուշի նախագահության օրոք։ Նշենք, որ մեմուարներ է գրում նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։ Նրա գիրքը, հավանաբար, լույս կտեսնի 2010թ. աշնանը։

Դեռևս հայտնի չէ, թե որքան հոնորար է ստացել Լորա Բուշը իր մեմուարների համար։ Սակայն Միացյալ Նահանգների նախկին նախագահների և նրանց կանանց հեղինակած գրքերն ու մեմուարները միշտ մեծ պահանջարկ են վայելում և դառնում բեսթսելերներ, ինչը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ հեղինակների հոնորարների վրա։