Ինտերնետում հասանելի է հայ գրչական կենտրոնների քարտեզը
Այսօր Ինտերնետում գործարկվեց հայ գրչական կենտրոնների քարտեզագրական աշխատանքը։ Ինտերակտիվ քարտեզը տեղադրված է www.matenadaran.am պորտալում։
Քարտեզի վրա ներկայացված են հայկական մշակութային օջախները, որտեղ մ.թ. 400 թվականից մինչև 1600 թվականը ստեղծվել են հիմնականում լուրջ տեխնոլոգիական միջոցներ պահանջող մանրանկարներով զարդարված ձեռագիր գրքեր, ինչը վկայում է այդ բնակավայրերում հայերի մշակութային ակտիվության մասին։ Քարտեզը խոշորացնելու դեպքում երևում են նաև այն բնակավայրերը, որտեղից հաջողվել է դուրս բերել մինչև տասը ձեռագիր։
Դիտելով 100 ձեռագրից ավելի ստեղծած գրչական կենտրոնների բաշխվածությունը` ավելի ակնհայտ է դառնում, թե ինչպիսի ծանր հարված է կրել 1915թ. հայ ժողովուրդը` կորցնելով ոչ միայն մարդկային կյանքեր, այլ նաև իր հիմնական մշակութային օջախները։










