Հերթական Մոխրոտիկը Ելիսեյան պալատի աստիճաններին. Միլեն Ֆարմերը կորցրել է կոշիկը
Հայտնի ֆրասիացի երգչուհի Միլեն Ֆարմերը պաշտոնական հրավիրյալների թվում էր, ովքեր մասնակցում էին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և առաջին տիկնոջ` Կառլա Բրունիի կողմից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ փարիզյան այցելության առթիվ կազմակերպված ընթրիքին։ Այս մասին հաղորդում է mignews.com-ը։
Միլեն Ֆարմերը ժամանել է ընթրիքին մեծ ուշացումով և այնքան է շտապել, որ երեք անգամ սայթաքել է Ելիսեյան պալատի աստիճաններին։
Նշենք, որ առաջին անգամ սայթաքելիս Միլենը փորձել է ողջունել լրագրողներին։
Միլեն Ֆարմերը առաջինը չէ, որ Մոխրոտիկի պես կորցնում է իր կոշիկը Ելիսեյան պալատի աստիճաններին։
Այսպես, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հունվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Փարիզ, հենց այդ նույն աստիճանների վրա կորցրել էր իր կոշիկը։ Նիկոլա Սարկոզին՝ որպես նրբակիրթ ֆրանսիացի ձեռք էր մեկնել Հիլարի Քլինթոնին, մինչ վերջինս փորձել էր ոտքով արագ իր տեղը վերադարձնել կոշիկը։










