Ֆինն նկարչի «Լռության կոմպոզիցիան» Երևանում
Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան հրավիրում է Սեբաստիան Բոլտերի անհատական ցուցահանդեսին, որը տեղի կունենա մարտի 10-16-ը Սարյան 29 հասցեում գտնվող Art Mix Studio-ում։ Ցուցահանդեսը ներկայացնում է Բոլտերի «Լռության կոմպոզիցիա» շարանը։
Իր կտավներում Սեբաստիան Բոլտերը պատկերել է լռությունը՝ որպես ֆենոմեն։ Ըստ Բոլտերի՝ լռությունն իր հակասական էությամբ իսկական պարադոքս է. այն մերթ պոետիկ է, մերթ խեղաթյուրված։ Որպես այդ վիճակի հետևանք՝ լռությունը նմանվում է քամելեոնանման մտահղացման, որի նշանակությունը կտրուկ փոփոխվում է ՝ ըստ համգամանքների։
Ինչպես բնորոշել է Սեբաստիան Բոլտերը, նախ և առաջ, լռությունը բաղկացած է հնչյունների փոխակերպումներից։ Ձայնի և լռության միջև ուղիղ կապվածություն է։ Հայ ժողովրդի օրինակի դեպքում Բոլտերի կարծիքով՝ պատմության լռությունը դեռ իր մեջ կրում է արձագանքներ, որոնք կարող են հասանելի լինել նոր սերունդների համար։
Լռության այս փոխակերպումներն ու տարբերակներն էլ տեղ են գտել Բոլտերի աշխատանքներում։ Ինչպես նշել է ֆինն նկարիչը, լինի դա մարդկային ներքին լռություն, թե անձայն լռություն, իր նպատակն է եղել վրձնի հարվածներով կերտել լռության կերպարը և ընդլայնել դրա արձագանքները։










