«Արտույտների ագարակը» վեպի հեղինակը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրելու արարողությունը, որին հաջորդել է պաշտոնական ընդունելությունը։
Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը, ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը և անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարևորել է նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում։
Արսլանը նշել է, որ լինելով բազմաթիվ մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni և այլն), առաջին անգամն է, որ արժանանում է Հայաստանի կառավարության պարգևի։
Միջոցառմանը ներկա են եղել գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում՝ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի վրա հիմնված համանուն ֆիլմի հեղինակներից` Պաոլո Տավիանին, ինչպես նաև իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։










