Արգենտինական կինոփառատոնում մարտի 11-12-ին կկայանա հայկական ֆիլմերի պրեմիերան
Մարտի 6-ին մեկնարկել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցել է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:
Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ երեք հարյուր արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվել է ընդունելություն:
Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայանալու է մարտի 11-12-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:










