Ջունգլիների օրենքը. ուրվագծվում է Եվրատեսիլի պատկերը

14:33 • 10.03.10

Ավարտին են մոտենում «Եվրատեսիլ» երգի 55-րդ մրցույթի նախապատրաստական աշխատանքները։ Մրցապայքարից դուրս են մնացել 10 երկրներ, որոնք չեն կարողացել բավարար գումար գտնել մրցույթին մասնակցելու համար։ Ներկա պահին մասնակիցների ընտրության հարցում կողմնորոշվել են 39 երկրներից 23–ը։

Ինչպես գիտենք, Հայաստանը Apricot Stone երգով կներկայացնի Եվա Ռիվասը։ Ռուսաստանում մրցութային թեժ պայքարից հետո որոշվեց ներկայացուցչի անունը՝ Պյոտր Նալիչի երաժշտական համույթը, որն այժմ ջանում է կատարյալ որակի հասցնել Օսլոյում ներկայացվելիք Lost and forgotten երգը։ Այս մասին հաղորդում է Взгляд-ը։

Հյուրընկալող երկիրն այս տարի կներկայացնի 22-ամյա օպերային երգիչ Դիդրիկ Սոլի Տանգենը՝ My Heart Is Yours երգի կատարմամբ։ Իհարկե, հաղթելու ցանկությունը մեծ է նաև նորվեգացի կատարողի մոտ, սակայն երկու անգամ անընդմեջ դժվար է հյուրընկալել նման ծախսատար մրցույթ։ Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլի» անցկացման համար Նորվեգիայի բյուջեից հատկացվել է մոտ 17 մլն եվրո։
Նախկին խորհրդային պետություններից «Եվրատեսիլի» ներկայացուցչի հարցում կողմնորոշվել են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան։ Մարտի 12-ին հայտնի կդառնա Էստոնիայի ներկայացուցչի անունը։
Ինը երկիր այս տարի հրաժարվել է մասնակցել երգի մրցույթին. օրինակ՝ Չեխիան պատճառաբանել է դա շարունակական անհաջողությամբ։ «Հրաժարվողների» թվում են նաև Ավստրիան, Անդորան, Հունգարիան, Իտալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սան Մարինոն և Չեռնոգորիան։

Ուկրաինան այս տարի կներկայացնի սկսնակ երգիչ Վասիլի Լազարովիչը՝ «Ես սիրում եմ քեզ» կատարմամբ։ Ուշագրավ է, որ «Եվրատեսիլին» նախապատրաստվելու համար Լազարովիչը մոտ ապագայում մտադիր է համերգային շրջագայություններով հանդես գալ 18 երկրներում՝ հետագայում այդ երկրներից միավորներ շահելու ակնկալիքներով։

Վրաստանը, որն անցյալ տարի հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլին» քաղաքական դրդապատճառներով, այս տարի մեծ խանդավառությամբ է պատրաստվում երգի մրցույթին։ Վրաստանը կներկայացնի Սոֆիա Նիժարաձեն, ով ներկայացրել է Ռուսաստանը 2005թ. Новая волна երգի մրցույթին։

Գերմանիայում նախընտրական փուլից 4 օր առաջ մահացել է ֆավորիտ համարվող 33-ամյա երգիչ Բոբի Դոները։ Երիտասարդ կատարողը սրտի կաթված է ստացել և յոթ օր շարունակ գիտակցության չգալով մահացել։

Այսպիսով, մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչ համերգին հանդես կգան ավանդական «մեծ քառյակի» երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, որոնց կմիանա նաև հաղթող երկրի՝ Նորվեգիայի ներկայացուցիչը։ Իսկ մայիսի 25-ին և 27-ին տեղի կունենան երկու կիսաեզրափակիչները, որոնց կազմը կորոշվի վիճակահանությամբ։