Christie's-ը աճուրդի է հանում մոդեռնիստների ամենաարժեքավոր գործերը

16:42 • 13.03.10

Christie's աճուրդի տունը պատրաստվում է աճուրդի դնել ԱՄՆ-ում կերպարվեստների ամենահայտնի մասնավոր հավաքածուներից մեկը։ Այն պատկանում է ճանաչված մեկենաս Սիդնի Ֆրենսիս Բրոուդիին և գնահատվում է ավելի քան 150 մլն դոլար։

Ինչպես նշել է Christie's-ի գլխավոր տնօրեն Էդվարդ Դոլմանը, այսօր Սիդնի Բրոուդիի հավաքածուն մոդեռնիստների ամենաարժեքավոր մասնավոր հավաքածուներից է։ Հավաքածուի թոփ նմուշն է Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Մերկ կինը կիսանդրու և կանաչ տերևների ֆոնին» հսկայական կտավը, որը չի ցուցադրվել հանրությանը 1930-ականներից ի վեր։

Նշենք, որ հավաքածուում ներառված են նաև Անրի Մատիսի, Ալբերտո Ջակոմետիի, Ժորժ Բրակի, Մարինո Մարինիի և Հենրի Մուրի աշխատանքները։ Կարևորագույն նմուշների նախնական գինը տատանվում է 20-35 մլն դոլարի սահմաններում։ Աճուրդից ստացված հասույթի մի մասը Սիդնիի ցանկությամբ կփոխանցվի բարեգործական հիմնադրամներին։