11 երկիր՝ հեծանվորդի աչքերով. Երևանում բացվել է Թոմ Ալենի անհատական ցուցահանդեսը

13:50 • 13.03.10

Կես տարվա ընթացքում բրիտանացի Թոմ Ալենը միայնակ ճանապարհորդել է հեծանիվով և այցելել 11 երկիր՝ Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Աֆրիկա։ Ճանապարհորդության ընթացքում նա բազմաթիվ լուսանկարներ է արել, որոնք ցուցադրել է Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)։

«Շրջելով Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներով» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Եգիպտոսում, Սիրիայում, Սուդանում, Եմենում, Եթովպիայում, Դուբայում կատարված լուսանկարները։ Լուսանկարիչը պատկերել է ոչ միայն գեղատեսիլ վայրեր, դիտարժան բնություն, այլև մարդկանց, ովքեր բնակվում են այդ երկրներում, նրանց ավանդույթներն ու կենցաղը։

Լուսանկարներից մեկում Թոմը պատկերել է սուրճ ըմպելու արարողությունը։ Յուրաքանչյուր աշխատանքի հետ կա փոքրիկ տեքստ, որում լուսանկարիչը ներկայացնում է իր տպավորությունները։

Այսպես, օրինակ, Թոմ Ալենը պատմում է, որ սուրճը նա ըմպել է Սահարայում, և դրա համը տարբերվում է նախկինում իր փորձած բոլոր սուրճերի համից:

Tert.am-ի հետ զրույցում լուսանկարիչը պատմեց, որ ճամապարհորդության ընթացքում նա լուրջ խնդիրներ չի ունեցել, որոշ դժվարություններ են ծագել սահմանները հատելիս։

Խոսելով ճանապարհորդություններից ստացած տպավորությունների մասին՝ Թոմն ասաց, որ ծանոթացել է տարբեր մարդկանց հետ, հարմարվել նրանց մշակույթին։

Թոմ Ալենին շատ բան է կապում Հայաստանին՝ սկսած առաջին ճանապարհորդությունից, որը նա կատարել է Անգլիայից Հայաստան։ Հենց այստեղ էլ նա հանդիպել է իր երկրորդ կեսին՝ Թենիին։ Նրանք պատրաստվում են միասին կատարել հաջորդ ճանապարհորդությունը։ Միասին նրանք կնվաճեն Կենտրոնական Ասիան։ «Մենք մտադիր ենք Ռուսաստանի տարածքով հասնել Չինաստան»,- պարզաբանեց հեծանվորդը։

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը, իսկ ստացված հասույթը կփոխանցվի հայկական և միջազգային բարեգործական կազմակերպություններին։