Վիկինգների մասին ֆիլմը կդառնա Մել Գիբսոնի վերջին ռեժիսորական աշխատանքը
Վիկիգների մասին ֆիլմը, որը Մել Գիբսոնը երազում էր նկարահանել դեռ պատանի ժամանակ, կդառնա նրա վերջին ռեժիսորական աշխատանքը։ Այս մասին LA Times-ին տված հարցազրույցում հայտնել է անձամբ Գիբսոնը։
«Դա առաջին ֆիլմն էր, որը ես ցանկանում էի նկարահանել։ Ես երազում էի նման նախագծի մասին պատանեկությունից և կարծում եմ՝ դա կլինի վերջին կինոնկարը, որը ես կնկարահանեմ։ Այն ավարտելուս հետո ես, հավանաբար, այնպիսի զգացողություն կունենամ, կարծես կյանքի եմ կոչել իմ բոլոր մտահղացումները»,- նշել է Գիբսոնը։
Մել Գիբսոնն ասել է, որ ինքը չի կարողանում հիշել վիկինգների մասին ոչ մի հաջողված ֆիլմ։ «Կինոյի պատմությունում չի եղել այդ ժամանակաշրջանի մասին ոչ մի լավ ֆիլմ, ամեն դեպքում, ես նման ֆիլմ չեմ դիտել։ Բայց կարծում եմ` մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում և ստեղծել ենք հետաքրքիր սյուժե»,– ասել է Գիբսոնը։
Ֆիլմում գլխավոր հերոսին կմարմնավորի Լեոնարդո դի Կապրիոն, որի սերը սկանդինավյան ժողովուրդների մշակույթին հանդեպ բոլորին է հայտնի։ Սցենարով զբաղվում է Ուիլյամ Մոնահանը, որի հետ դի Կապրիոն համագործակցել է «Ուխտադրուժները» ֆիլմում։ Նկարահանումները պետք է սկսվեն 2010թ. աշնանը։










