Ռոքնռոլի փառքի սրահը համալրվել է հինգ նոր անուններով
ABBA և Genesis խմբերը համալրել են Ռոքնռոլի փառքի սրահը։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում մարտի 15-ին։ Բացի նրանցից, Փառքի սրահում տեղ են գտել նաև The Hollies, The Stooges խմբերը, ինչպես նաև երաժիշտ Ջիմի Քլիֆը։
Նշենք, որ The Hollies բրիտանական խումբը, որը ձևավորվել է 1962թ., մեծ ճանաչում է ունեցել Մեծ Բրիտանիայում և արտասահմանում։ The Stooges-ը քաջ ծանոթ է ռոք երաժշտության սիրահարներին՝ խմբի առաջատար Իգի Փոպի շնորհիվ, որին համարում են այլընտրանքային ռոքի հիմնադիրներից մեկը։
Ինչ վերաբերվում է Ջիմի Քլիֆին, նրան համարում են Ճամայկայի ռեգի երաժշտության տարածմանն առավելագույնս նպաստած երաժիշտներից մեկը։
Ռոքնռոլի փառքի սրահի անդամների ընտրությունն անցկացվել է ժյուրիի մոտ 1000 անդամների քվեարկությամբ։
Ռոքնռոլի փառքի սրահը և համապատասխան թանգարանը, որը պատմում է մեր ժամանակների ամենաականավոր երաժիշտների մասին, գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։










