Մայքլ Ջեքսոնի ժառանգները պատմական գործարք են կնքել Sony ընկերության հետ

10:02 • 17.03.10

Մայքլ Ջեքսոնի ժառանգները, որոնց շահերը ներկայացնում է փաստաբան Ջոն Բրանկան, կնքել են երաժշտության պատմության մեջ ամենամեծ ֆինանսական գործարքը Sony ձայնագրման ստուդիայի հետ։ Գործարքի գինը կազմում է 250 մլն դոլար։ Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Գործարքի համաձայն՝ Sony ձայնագրման ընկերությունը ձեռք է բերում յոթ տարվա ընթացքում հանգուցյալ փոփ արքայի 10 ձայնասկավառակներ թողարկելու իրավունք, որոնցում ներառված կլինեն ինչպես հին, այնպես էլ բոլորովին անհայտ կատարումներով։

Բացի այդ, գործարքի պայմանների համաձայն՝ Sony ընկերությունը ձեռք է բերում Մայքլ Ջեքսոնի հուշանվերների և նրան պատկանող իրերի վերավաճառքի իրավունք։

Sony ձայնագրման ընկերությունը պոտենցիալ շահութաբեր է համարում գործարքը՝ հաշվի առնելով աշխարհում Ջեքսոնի արվեստի նկատմամբ մեծ հետաքրքրասիրությունը։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ.։ Գործարքից ստացված գումարները կօգնեն Մայքլ Ջեքսոնի ժառանգներին մարել փոփ արքայի թողած պարտքերի զգալի մասը։