Հայաստանը Խազանովի առջև բացեց դեպի բեմարվեստ տանող դուռը

18:58 • 17.03.10

«Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դուռը»,- երևանյան ասուլիսի ժամանակ այսօր ասաց հայտնի ռուս արտիստ Գենադի Խազանովը՝ վերհիշելով 1972թ. իր առաջին ելույթը հայաստանում։

Նշենք, որ Գենադի Խազանովի մասնակցությամբ «Ես վերհիշում եմ» մոնոներկայացումը կազդարարի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի մեկնարկը, որը կանցկացվի Երևանում մարտի 17-24-ը։

Հեռավոր 1972թ. 23-ամյա արտիստին դեռ քչերն էին ճանաչում։ Խազանովի խոսքերով՝ այդ ժամանակ էլ նա զգաց հայ հանդիսատեսի առաձնահատուկ ուշադրությունն ու սերը։

Գենադի Խազանովը նաև վերհիշեց 2000-ականների իր ելույթը։ «Ես այդ ժամանակ տխուր տպավորություն էի ստացել։ Ինչպիսի ժամանակներ էր վերապրում երկիրը...»,- նշեց նա։ Խազանովը, սակայն, նկատեց, որ այժմ երկրում շատ բան է փոխվել։

Անդրադառնալով իր այսօրվա ելույթին՝ Խազանովը նշեց. «Ես պարզապես վերհիշում եմ իմ կյանքը»։ Նրա խոսքերով՝ Մոսկվայի Էստրադայի թատրոնի տնօրենը դիմել էր իրեն՝ խնդրելով պատրաստել մի բեմադրություն, որը կարող է ներկայացվել ապրիլի մեկին։ Հենց այդպես էլ ծնվեց «Ես վերհիշում եմ» ներկայացումը։

Հավելենք, որ Գենադի Խազանովը իր մոնոներկայացման մեջ օգտագործում է տեսապատկերներ։