«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը անօրինական կարգով է հանվել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից

13:26 • 17.03.10

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի փոխարեն եկեղեցի կառուցելու որոշումը կառավարությունը հապշտապ է ընդունել` չխորհրդակցելով մասնագիտական կառույցների հետ: Այսօրվա բանավեճի ժամանակ այս մասին ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ըստ նրա` այս կինոդահլիճն ընդգրկված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում և դրանից հանվել է անօրինական կարգով:

«Փորձագիտական հանձնախումբն է սահմանում պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը, հետևաբար հանձնախումբն էլ պետք է այդ ցուցակից հանի որևէ հուշարձան: Սակայն Մշակույթի նախարարությունն այդ գործընթացը չի ապահովել»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով, «Մոսկվա» կինոթատրոնի վայրում նախկինում կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցին իրենից ճարտարապետական արժեք չի ներկայացրել: «Որքանո՞վ է նպատակահարմար այդ վայրում եկեղեցի կառուցելը կամ հինը վերականգնելը, եթե մի փոքր այն կողմ այլ եկեղեցի է կառուցվում»,- ասաց Ճարտարապետների միության նախագահը` նշելով, որ ճարտարապետական ողջ հանրությունն այսօր դեմ է այդ նախագծին:

Մինասյանի ընդդիմախոս տեր Մխիթար քահանա Ալոյանը, սակայն, այլ կարծիքի է. «Ինձ հետաքրքիր է`ճարտարապետական արժեք չէ՞ր ներկայացնում Երիտասարդական պալատը, որը ոչնչացվեց: Եթե «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը կաբարե կամ բասեին կառուցեր, դուք դարձյա՞լ կպայքարեիք»,- ասաց նա:

Քահանան նշեց, որ եկեղեցին այսօր ուզում է այն տարածքը, որը ժամանակին իրեն է պատկանել: