Ուկրաինայում իշխանափոխության հետ փոխվեց նաև «Եվրատեսիլի» մասնակիցը
Ամեն տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման նախաշեմին Ուկրաինայում քաղաքական սկանդալ է բռնկվում։ Այս տարին էլ բացառություն չէր։ Բանը հասավ նրան, որ հարցին միջամտեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Արդյունքում, Օսլոյի «Եվրատեսիլին» կմեկնի ոչ թե Վասիլի Լազարովիչը, որին ընտրել էր Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության այժմ արդեն նախկին ղեկավարությունը, այլ մեկ ուրիշ կատարող։ Այս մասին հաղորդում է Взгляд-ը։
Ուկրաինայի մասնակիցն այժմ կընտրվի բաց քվեարկությամբ, եզրափակիչ ընտրական փուլը կանցկացվի շաբաթ օրը։
Նշենք, որ Վասիլի Լազարովիչի մասնակցությունը «Եվրատեսիլին» զարմանք էր առաջացրել ուկրաինական շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում։ Նա որպես կատարող հայտնի չէր Ուկրաինայում։
Երկրի շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը նույնիսկ կատակել էր, թե «իմ ամառանոցի հարևանը օլիգարխ է։ Երբ նա հարբած է լինում, շատ է սիրում կարաոկե երգել. հավանաբար, հաջորդ տարի նա կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլին»»։










