Մայր թատրոնում լճացում է. ահազանգում են դերասանները

16:05 • 03.04.10

Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցը դեռևս լուծված չէ: Հիշեցնենք, որ գեղարվեստական ղեկավար պետք է նշանակի Մշակույթի նախարարությունը, մինչդեռ նախկինում այդ իրավասությունը վերապահված էր թատրոնի ստեղծագործական կազմին:

Գեղարվեստական ղեկավարի պաշտոնի թեկնածուները երկուսն են` Արմեն Մազմանյանն ու Արմեն Էլբակյանը:

Թատրոնի դերասան Լորենց Առուշանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նշված երկու թեկնածուների հետ էլ ինքը լավ հարաբերություններ ունի: «Թատրոնը ճահճացման փուլում է: Թատրոնը վայրկյան առ վայրկյան քանդվում է: Այնպիսի մարդ է պետք, ով հեղափոխական փոփոխություններ կիրականացնի թատրոնում»,- նշեց նա` չասելով,սակայն, թե ինքն ում թեկնածությունն է սատարում:

Թատրոնի դերասաններից Կարեն Ջհանգիրովը նույնպես նշեց, որ հիմնական խնդիրը թատրոնը լճացումից փրկելն է: «Լավ բեմադրություն անելը և թատրոն ղեկավարելը տարբեր բաներ են: Թատրոնի ղեկավարը չպետք է բեմադրություն անի, նա պետք է զբաղվի միայն թատրոնով: Հենց որ նա սկսում է բեմադրություն անել, սկսվում է լճացումը»,- արձանագրեց Ջհանգիրովը:

Նա երանությամբ հիշեց այն տարիները, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վահե Շահվերդյանն էր. «Նրա օրոք կար կարիերայի աճ: Լճացում ստեղծվեց այն ժամանակ, երբ որոշ դերասանների ճանապարհը փակվեց: Այսօր երիտասարդ դերասանները թատրոնից գնում են»:

Ջհանգիրովը նաև դժգոհեց թատրոնի գեղարվեստական խորհրդի գործունեությունից` այն բնորոշելով որպես թյուրիմացություն: Ըստ դերասանի` խորհրդի 18 անդամների մեծ մասը պատահական մարդիկ են և որոշումներ են ընդունում փակ դռների հետևում` առանց դերասանների հետ խորհրդակցելու:

Սունդուկյանցիները նաև համոզմունք հայտնեցին, որ Մշակույթի նախարարությունը կնշանակի թատրոնի գեղարվեստական ղեկավար` առանց իրենց կարծիքը հարցնելու: