Լրտեսվող Հայաստան կամ անհատականության հայրենիքն անհայտ է
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ին, Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կմեկնարկի «Լրտեսվող Հայաստան» (Spying on Armenia) Այլընտրական արվեստի երիտասարդական 12-րդ փառատոն-ցուցահանդեսը։
«Ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում»։ Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանի կարծիքով՝ այսօր մեզանից շատերը կարող են իրենք իրենց այդ հարցը տալ։
«Անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է։ Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում երիտասարդ հայ արվեստագետն ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է։ Նա նման է լրտեսի, որը հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության` ի վնաս իր ծննդավայրի, այլ որոշակի աշխարհագրական անուն չունեցող անհայտ հայրենիքի։ Հետևաբար նա չի ծառայում ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ֆրանսիային կամ Ռուսաստանին։ Սրա գիտակցումն էլ հենց մեզ դնում է մի իրավիճակում, որտեղ մենք պետք է լրտեսներ լինենք։
Լրտեսներ, քանի որ մեր առջև ամեն ինչ գաղտնիք է, որ բացվելու և հանգուցալուծվելու կարիք ունի»,- մեկնաբանել է «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսի համադրողը։










