Վուդի Ալենը մերժել է Կառլա Բրունիին
Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը հրաժարվել է նկարահանել Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիին իր նոր ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար։
Կառլա Բրունին հույս ուներ, որ կնկարահանվի Վուդի Ալենի ֆիլմերից մեկում այն բանից հետո, երբ անցյալ տարի ռեժիսորը հայտարարել էր, որ ցանկանում է իր ֆիլմերից մեկի գլխավոր հերոսուհու դերն առաջարկել Ֆրանսիայի առաջին տիկնոջը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։
Սակայն Վուդի Ալենը փոխել է իր մտադրությունը՝ Կառլա Բրունիի փոխարեն նախապատվությունը տալով ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարին, որն անցյալ տարի արժանացել էր «Օսկարի»՝ La Môme ֆիլմում Էդիտ Պիաֆին մարմնավորելու համար։
«Կառլա Բրունին այն կանանցից չէ, որոնք վաստակում են իրենց ապրուստը որպես դերասանուհի։ Նա առաջին տիկին է»,- մեկնաբանել է Վուդի Ալենը՝ հավելելով, որ «նա կարող է հեռանալ նկարահանման հրապարակից ցանկացած պահի իր անմիջական պարտականությունների պատճառով՝ լինի դա քաղաքական ճգնաժամ, թե կարևոր միջոցառում»։
Ալենի նոր ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հուլիսին Փարիզում։










