«Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...». Կայացավ Մոնթեին նվիրված գրքի շնորհանդեսը

18:51 • 06.04.10

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի և ՀՀ պաշտպանության նախարարությունների կազմակերպած Ասպրամ Ծառուկյանի հեղինակած «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացված է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ, ազգային-ազատագրական պայքարի անխոնջ քարոզիչ Մոնթե Մելքոնյանի կերպարը:

Բացման խոսքով հանդես է եկել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Բարձր գնահատելով գրքի ուսուցողական արժեքը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում` Հակոբյանը մեջբերել է Մոնթեի խոսքը. «Ես այստեղ եմ, որովհետև իրավունք չունեի այլ տեղ լինելու»: Նախարարը նշել է, որ Մոնթե Մելքոնյանը եկավ կառուցելու Հայրենիք-Սփյուռք կամուրջը և մեր հերոս տղաների հետ ի վերուստ իրեն տրված առաջնորդի բացառիկ կարողություններով ու ջանքերով ազատագրեց Արցախը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ Մոնթեն կարողանում էր ընդունել պարզ և ճշգրիտ որոշումներ, ինչն էլ յուրաքանչյուր անգամ բերում էր կայուն հաղթանակների:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին` Ասպրամ Ծառուկյանն ասել է, որ կցանկանար լինել երիտասարդ և ռազմական ինստիտուտն ավարտած սպա, որը կարող է զենք վերցնել և մեռնել հանուն Հայրենիքի:

ՀՀ սփյուռքի նախարարը Ասպրամ Ծառուկյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից: