Կանանց մրցույթում հաղթեցին տղամարդիկ

18:07 • 07.04.10

Հասարակական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածությունը և ստեղծագործ մոտեցումն այսօր փորձեցին ներկայացնել 123 հեղինակ իրենց 400 լուսանկարներով։ «Մի կին – մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը նախաձեռնել էին «Երիտասարդ առաջնորդների դպրոցը» և «Ինեկոբանկը»։ Այսօր «Սիրահարների» այգում մրցույթն ամփոփվեց և հաղթողներին հանձնվեցին մրցանակներ։

«Մի կին – մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթին, ինչպես նշված էր կազմակերպիչների պահանջներում, կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։ Սակայն, պետք է նշել, որ ստեղծվել էին անհավասար պայմաններ. նույն հարթակում մրցում էին ինչպես սկսնակ լուսանկարիչները, այնպես էլ պրոֆեսիոնալները:

Մինչև ժյուրիի որոշումը մրցույթին ներկայացված լուսանկարները դրվել էին օնլայն քվեարկության։

Այսպիսով, երեք հաղթական տեղերը զբաղեցրին Արեգ Վարդանյանը, Քրիստինա Արուտյունովան և Տիգրան Սարափյանը։ Լավագույն եռյակի համար սահմանված էր մրցանակ՝ համապատասխանաբար 100 000, 60 000 և 40 000 դրամ։ Մի քանի մասնակիցներ, այդ թվում Կարեն Հովհաննիսյանը, Արմեն Ղարիբյանը, Սարգիս Վիրաբյանը, ստացան խրախուսական մրցանակներ։ Հարկ է նշել, որ հաղթողներից մի քանիսն արդեն հայտնի լուսանկարիչներ են և վաղուց զբաղվում են լուսանկարներով։

Հավելենք, որ մրցույթին ներկայացված լուսանկարները կտեղադրվեն «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում: