«Երևանը մենք ենք». լույս տեսավ Ֆորշի հինգերորդ ձայնասկավառակը

16:09 • 08.04.10

Հայտնի երգիչ Ֆորշը այսօր լրագրողներին ներկայացրեց իր 5–րդ ձայնասկավառակը՝ «Երևանը մենք ենք» խորագրով։ CD–ում տեղ են գտել 11 երգեր, որոնց ստեղծմանը մասնակցել են մի խումբ երաժիշտներ, այդ թվում՝ Արամոն, Վահագն Հարությունյանը, Մադաթ Ավանեսովը, Յուրի Լեուն։

Ինչպես նշեց երգիչը՝ «Երևանը մենք ենք» սկավառակը ձայնագրվել է համատեղ ուժերով 2,5 տարվա ընթացքում։ «Իմ առջև դրվեց շատ լուրջ ծրագիր՝ ձայնագրել բոլոր ստեղծագործությունները կենդանի հնչողությամբ»,– ասաց Ֆորշը։

Երգիչը նաև նշեց, որ այս CD–ի ստեղծման ուղղությամբ աշխատելիս մի քանի համարձակ քայլ է ձեռնարկել։ «Ես հիշեցի, որ ժամանակին ստացել եմ դասական երաժշտական կրթություն։ Այսպես, Աննա Մաիլյանի հետ համատեղ ձայնագրել ենք մի դասական ստեղծագործություն»,– ասաց նա։

Նշենք, որ «Երևանը մենք ենք» ձայնասկավառակում տեղ է գտել համանուն երգը, որի ձայնագրմանը մասնակցել է մանկական «Արևիկ» երգչախումբը։ «Չէ՞ որ Երևանը երեխաններինն է»,– նշեց երգիչը։

Հավելենք, որ բոլորին հայտնի և սիրված «Տարիներս անցան» երգը այս ձայնասկավառակում Ֆորշը ներկայացնում է նոր մշակմամբ։

«Երևանը մենք ենք» ձայնասկավառակի լույս ընծայմանն աջակցել են «Ֆորշ ընդ Ֆրենդս» ընկերությունը և «Շարմ Հոլդինգը»։