Վերժինե Սվազլյանի Հայոց ցեղասպանության մասին գիրքը լրացումներով լույս կտեսնի 3 լեզուներով

17:37 • 09.04.10

1955-ից վեր ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը նվիրեց իր կյանքը Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերի հավաքման գործին։ Նրա երկարատև աշխատանքի արդյունքը դարձավ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը, որտեղ տեղ են գտել ոչ միայն վերապրածների հուշերը, այլև տարբեր փաստաթղթեր։ Կատարված աշխատանքը գնահատվեց ՀՀ նախագահի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Որպես պարգև ստացած գումարը ժողովրդագետը հատկացրեց գրքի լրացված տարբերակի հրատարակմանը` հայերեն, անգլերեն և թուրքերեն։ Այսպիսով, 50 տարվա ընթացքում հավաքած 600 միավոր փաստաթղթերին այս նոր գրքում կավելանան նաև վերջին 10 տարվա ընթացքում ձեռք բերվածները։

Ինչպես լրագրողներին հայտնեց Սվազլյանը, գիրքը լրացումներով լույս կտեսնի այս տարի։ Հարկ է նշել, որ գրքի թուրքերեն թարգմանությունը կհրատարակվի Թուրքիայում, իսկ անգլերենը՝ ԱՄՆ-ում։ «Թուրք երիտասարդությունը գաղափար չունի Ցեղասպանության մասին»,- նկատեց նա։

Ներկայացնելով իր գործունեությունը` ժողովրդագետը պատմեց, որ ժամանակին շատ դժվարությամբ է կարողացել մուտք գործել Ստամբուլի «Սուրբ փրկիչ» ծերանոց՝ հիվանդ ձևանալով։ Հիվանդանոցում արդեն նա զրուցել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ և արձանագրել շուրջ 40 հոգու հուշեր։