Հայկական ու ամերիկյան երգեր`Եվա Մեձորյանի երևանյան համերգում
Ապրիլի 10-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը հանդես կգա հայազգի երաժիշտ Եվա Մեձորյանը: Նախատեսվող համերգին Մեձորյանը կներկայացնի ոչ միայն հայկական, այլև ամերիկյան ժամանակակից ու ժողովրդական ստեղծագործություններ:
Նրա հետ նույն բեմում հանդես կգան նաև դաշնակահար Վարդգես Խաչատրյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, դուդուկահարներ Տիգրան Ավետիսյանն ու Մկրտիչ Աբգարյանը և դհոլահար Վահագն Ավետիսյանը:
Նշենք, որ Մեձորյանի ծնողները հրաշքով են ողջ մնացել Եղեռնի ժամանակ ու հանգրվանել Միացյալ Նահանգներում: Եվան այսօր 4 զավակների ու 5 թոռների մայր ու տատիկ է, բայց մանկության երգերը, հայկական մեղեդիները նրա հոգուն այսօր էլ հարազատ են:
Երաժիշտը առաջին անգամ Հայաստան այցելել է 1972թ.։ Այդ ժամանակից ի վեր նա պարբերաբար վերադառնում է հայրենիք, հանդիպումներ, համերգներ ունենում: Անցյալ տարի Հայաստանում լույս տեսավ նրա առաջին ձայնասկավառակը` «Անուշ գարուն» խորագրով, որում ընդգրկված են հայկական ժողովրդական երգեր:










