Մայքլ Ջեքսոնը և Ֆրեդի Մերկուրին ապահովեցին Ռազմիկի և իր ընկերների հաղթանակը «Նոր ալիք»-ում (տեսանյութ)

13:22 • 25.08.10

«Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 20–22-ը տեղի ունեցած «Նոր ալիք Junior» միջազգային մրցույթին մասնակցեցին երգիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Բելառուսից, Իտալիայից, Չինաստանից և Հայաստանից։

Մրցույթի 13–15 տարիքային խմբում «Ռազմիկը և ընկերները» երաժշտական կոլեկտիվը Հայաստանից կիսեց հաղթանակը Ուկրաինայի ներկայացուցչի հետ։

«Ես չէի ուզում զբաղեցնել առաջին տեղը, ուզում էի կիսել հաղթանակը Վիկտորիայի հետ», – այսօրվա ասուլիսին ասաց խմբի մեներգիչ Ռազմիկ Աղաջանյանը։

Խոսելով մրցույթի մասին՝ Ռազմիկը պատմեց, որ խմբի անդամների մոտ հուզմունք և մտավախություն կար, սակայն արդեն բեմում տղաներն արժանապատվորեն ներկայացրեցին Հայաստանը։

«Ռազմիկը և ընկերները» խումբը ձևավորվել է մեկ տարի առաջ։ Խմբի կազմում հանդես են գալիս Ռազմիկ Աղաջանյանը, Ռոբերտ Սիմոնյանը՝ բաս կիթար, Ստեփան Թարոյանը՝ սոլո կիթառ, և Դավիթ Գևորգյանը՝ հարվածային գործիքներ։ Ի դեպ, Դավիթը կոպոզիտոր և երգահան Արա Գևորգյանի որդին է։ Չնայած տարիքին՝ Դավիթը հանդես է գալիս Արա Գևորգյանի հետ նույն բեմում և նվագում հոր միջազգային շրջագայությունների ժամանակ։

Նշենք, որ մրցույթում խումբը կատարել է Մայքլ Ջեքսոնի Black & White և Ֆրեդի Մերկուրիի We will rock you կատարումները՝  հավաքելով առավելագույն միավորներ։

Բացի երաժշտությունից տղաներից յուրաքանչյուրն ունի իր հոբբին. Ստեփանը զբաղվում է բռեյկ–դանսով և կարատեով, Ռազմիկը մետաղադրամների հավաքածու ունի, Ռոբերտը նախընտրում է յոգայով զբաղվել, իսկ Դավիթը երազում է հարվածային գործիքների վարպետ դառնալ։

Խմբի անդամները շատ ծրագրեր ունեն։ Տղաները ծրագրում են մոտ ապագայում ձայնագրել առաձին ձայնասկավառակը։