«Վերադարձ» հեռուստասերիալը նոր ու հետաքրքիր սերիաներ է խոստանում իր հեռուստադիտողին

16:40 • 26.08.10

Արմենիա հեռուստաընկերությունը վերջին ժամանակներում սկսեց ցուցադրել «Վերադարձ» հեռուստասերիալը, որն իր ստեղծագործական և տեխնիկական  լուծումներով նորամուծություն է հայկական կինոյում և կարճ ժամանակահատվածում դարձել է հեռուստադիտողների կողմից սպասված սերիալ:


Սերիալում խաղում եմ հայ անվանի ու վաստակավոր դերասաններ՝ Արմեն Ջիգարխանյանը, Լուիզա Ղամբարյանը, Սոֆի Դևոյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սամվել Սարգսյանը, Աբել Աբելյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Սոս Ջանիբեկյանը և այլք:


«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի սերիալում, այսպիսի դերասանների հետ խաղալը: Սերիալի հաջողության համար պետք է ճիշտ ընտրված սցենար լինի, իսկ այս դեպքում կա հետաքրքիր սցենար, որտեղ ներկայացվում է Սպիտակի երկրաշարժը, ղարաբաղյան շարժումը, հետաքրքիր լուծումներ կան հերոսների փոխհարաբերություններում: Սա մի որակի սերիալ է, որն իր տեսակով բացառիկ է հայկական սերիալային ոլորտում: Նաև ասեմ, որ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում սերիալում»,-մեզ հետ զրույցում նշեց Սոս Ջանիբեկյանը և հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ է սպասում, թե ինչպես կզարգանա իր կերպարը:


«Վերադարձի» մոնտաժային աշխատանքի մանրամասների մասին զրուցեցինք սերիալի մոնտաժի ռեժիսոր Մանվել Հովսեփյանի հետ, ով նշեց, որ սկզբում չի համաձայնել լինել ստեղծագործական խմբում, որովհետև պատասխանատվությունը մեծ էր, բայց հետո համաձայնել է և այսօր տեսնում է իրենց աշխատանքի արդյունքը, որը հեռուստադիտողը գնահատում է.«Այս սերիալը բացառիկ է իր տեսակով, որովհետև այն նկարահանվում է բարձր որակի տեխնիկայով՝ «Ռեդ» տեսախցիկով, որը հայաստանյան սերիալում նորություն է»:


Մանվել Հովսեփյանը նաև նշեց, որ մոնտաժի ժամանակ լինում են նաև անհամաձայնություններ, բայց ի վերջո ընտրվում է ճիշտ տարբերակը.«Քանի որ իսկապես պրոֆեսիոնալներ են խաղում, ես մեծ զգուշությամբ եմ հավաքում կադրերը, որ ոչ մի դեպքում դերասանի խաղը, նկարված կադրը չկորի»: