Al Arabiya-ն Բեն Լադենի մասին ֆիլմ է նկարահանում

18:17 • 02.12.11

Al Arabiya հեռուստաալիքը «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում: Ֆիլմի համաձայն` ամերիկյան հատուկ ծառայություններն Ուսամա բեն Լադենի ոչնչացման համար պարտական են հենց ահաբեկչի զինակիցներին: Ինչպես նշվում է ֆիլմում, «Ալ Կաիդայի» մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ տարիներ շարունակ իշխանության համար պայքար են մղել խմբավորման ներսում: Արդյունքում բեն Լադենին, ինչպես պարզել են լրագրողները, դավաճանել է նրա զինակից Այման ազ Զավահիրին: Լադենի մահից ընդամենը մեկ ամիս անց հենց նա դարձավ խմբավորման առաջնորդը:

Ինչպես հաղորդում է United Press International –ը (UPI-ը)` վկայակոչելով Al Arabiya–ի նյութը, ազ Զավահիրին համալիր գործողություններ է ձեռնարկել իր մրցակցին ոչնչացնելու համար: Իշխանության հասնելու համար նա պատրաստ է եղել ամեն ինչի`ընդհուպ մարդկանց ֆիզիկական ոչնչացման: Հեռուստաալիքի տվյալներով`ամեն անգամ, երբ ազ Զավահիրին «Ալ Կաիդայում» մեկ աստիճանով բարձրացել է, ինչ-որ մեկը նրա զինակիցներից մահացել է: Արդյունքում` հերթը հասել է նաև բեն Լադենին:
 Վերջին ժամանակներում «թիվ երկու ահաբեկչի» հետ իշխանության համար պայքարել են «Ալ Կաիդա»-ի այլ առաջնորդներ ևս: Ինչպես նշվում է ֆիլմում, ազ Զավահիրին իր կապավորներին երկու անգամ ուղարկել է «թիվ մեկ ահաբեկչի»` Իսլամաբադի մոտակայքում գտնվող թաքստոց`գիտակցելով, որ իր մարդկանց «պոչին» նստած են եղել Կենտրոնական հետախուզական ծառայության գործակալները:

Հիշեցնենք, որ բեն Լադենն ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանվել է մայիսի 2-ին: ԱՄՆ իշխանությունների համաձայն` ահաբեկիչը դիմադրություն է ցույց տվել, սակայն սպանվել է: Պաշտոնական վարկածի համաձայն`բեն Լադենի դին հենց նույն օրը հանձնվել է Արաբական ծովին: