Հայաստանի ազգային պատկերասրահը՝ արդեն վիրտուալ

18:19 • 03.12.11

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող մեծ ժառանգությունը այսուհետ հասանելի կլինի բոլորին` տեխնիկապես վերազինված, եռալեզու ինտերնետային կայքի միջոցով: Նախագծի իրականացման մասին կառավարական որոշումը ընդունվել էր շուրջ մեկ ու կես տարի առաջ: Այսօր արդեն թվայնացվել և աշխարհի բոլոր անկյուններում տեսանելի են դարձել ոչ միայն պատկերասրահի բոլոր մասնաճյուղերում ցուցադրվող, այլև պահոցներում գտնվող արվեստի գործերը: gallery.am կամ nga.am կայքի այցելուները կկարողանան ծանոթանալ նաև պատկերասրահի պատմությանը, կտավների հեղինակների կենսագրությանը, ինչպես նաև կրթական ծրագրերին ու սպասվելիք միջոցառումներին: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հավաստմամբ նախագծի շրջանակներում նախատեսվում է թարմացնել և տեխնիկապես վերազինել նաև մյուս թանգարանների վեբ կայքերը: