Եթե շատ մեծ սեր ունենաք, ամեն ինչ էլ կարող եք անել. կինոպրոդյուսեր Արթուր Սարգսյան
«Եթե ուժեղ մի հատ սեր ունենաք՝ կըլնի շոր, թե սինեմա, չեմ կարծում, որ թողնեք, որ ուրիշները բաները թափեն ձեր առաջ, որ դուք անեք։ Եթե էդ փեշընը [կիրք] ունենաք, դուք էդ կանեք»,- նշեց կինոպրոդյուսեր, «Արթուր Սարգսյան» կինոստուդիայի հիմնադիր և ղեկավար Արթուր Սարգսյանը «Շանթ» հեռուստատեսության «Աշխարհի հայերը» հաղորդման շրջանակում։ Նա արտադրել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Պիկ ժամը», «Հետախուզվում է՝ կենդանի կամ մեռած», աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սանդրա Բուլոքը, Ջեկի Չանը, Բրյուս Ուիլիսը։
Ծնվելով վաճառականի ընտանիքում՝ նա մանկուց սիրել է կինոն և հագուստը։ Սկսել է իր գործը՝ որպես հագուստի դիզայներ։ Բացել է «Վինչի» անունով բուտիկը՝ արտադրելով սեփական դիզայնով կարված ձեռագործ աշխատանքներ, որ դուր էին գալիս արքայազների, դերասանների, հանրահայտ և մեծահարուստ մարդկանց։ Սակայն իր գործն ինքը չէր սիրում այնքան, որքան կինոն, և ի վերջո, որոշել է գնալ է ԱՄՆ։ Այստեղ հաջողությամբ է պսակվել նրա առաջին իսկ նախագիծը, թեպետ քմահաճ Հոլիվուդն իրեն շատ դժվար է ընդունել։
«Ես շատ դժվարություն ունեցա, ոչ ոք ինձի բան տվավ, թե գնա, էս ֆիլմը սարքի, ամեն ինչ ես իմ ձեռքովս եմ արե ու շատ դժվարությունով։ Բայց, էդ ձեր խոսքն ա, որ եթե տեսնում են, որ դրսից ոևէ մեկը եկավ ու սենց հաջողություն ունեցավ, չեն ուզում թողնեն. մանավանդ, եթե հայ եք։ Այսինքն, ես բոլորովին ոչինչ չունեմ հրեաների դիմաց, բայց, ճիշտ կարծես, իրանց գործն ա, և անկարելի ա, որ նայեն մեկին ու տեսնեն, որ հաջողություն ունեցավ, կուզեն առաջը բռնեն. այսինքն՝ էդ քլուբը, որ պատկանում ա իրանց, չեն ուզում, որ ներս թողնեն»,- նշեց նա։
Արթուր Սարգսյանի՝ առավել հայտնի «Պիկ ժամ» 1, 2, 3 ֆիլմերը միայն կինոթատրոնների ցուցադրությունից բերել են 900 մլն դոլար շահույթ։ Ֆիլմերի յուրաքանչյուր փուլի պատասխանատուն եղել է ինքը։ Սակայն հանրահայտ պրոդյուսերը կարծում է. «Իմ բիզնեսիս կողմը այնպես ուժեղ չի, որպես արթիսթիկ կողմը»։
Նա նշեց, որ ինքը սիրում է թե ռոմանտիկ, թե կատակերգական, թե այլ ժանրեր, մեծացել է մարտաֆիլմեր դիտելով՝ խենթի պես սիրել է դրանք, և հիմա իր աշխատանքում զուգակցում է այդ ամենը։ «Ես հետաքրքրված եմ քըմըրշըլ ֆիլմեր սարքել. ես հետաքրքրված չեմ արթիսթիկ այնպես ֆիլմեր սարքել, որ տաս հոգիե ավել չերթա, ես հետաքրքրված եմ սարքել քըմըրշըլ ֆիլմեր, բայց որ հիմար չելլան»։
Հիմա Արթուր Սարգսյանն աշխատում է «Մուսա լեռան 40 օրն» իրականացնել, սակայն նախագիծը հանդիպել և հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների, այս ֆիլմը նկարելու համար դեռ շատ ջանքեր են պահանջվում. «Կարծում եմ հիսուն-հիսուն ա իմ շանսս»,- նշեց նա։










