Մոզրովի քարանձավը բացառիկ բնական հրաշք է. այն ևս փրկել է պետք

02:49 • 07.12.11

Մոզրովի քարանձավը գտնվում է Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին: Քարանձավը կարստային է, որի պատճառով այն արդեն իսկ հանդիսանում բացառիկ բնական հրաշք: Քարանձավում կարող եք տեսնել անկրկնելի կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և անկրկնելի գեղեցկության բյուրեղներ: Աշխարհում նման գեղեցկության քարանձավները կարելի է մատների վրա հաշվել: ԽՍՀՄ ժամանակաշրջանում բազմաթիվ քարանձավախույզների և քարանձավագետների կողմից այն պաշտոնապես հայտարարվել է իրենց կողմից երբևիցե տեսնված ամենագեղեցիկ քարանձավը: Այս մասին ահազանգել է բնապահպան Գոռ Հովհաննիսյանը Facebook--ի իր էջում։ Նա նշել է, որ Մոզրովի քարանձավն ամբողջովին դիտելու համար պահանջվում է ավելի քան 4 - 5 ժամ:

Ըստ բնապահպանի՝ խնդիրն այն է, որ քարանձավը կենդանի է համարվում, երբ այն ունի կաթոցներ: Քարանձավի հայտնաբերումից անմիջապես մեկ շաբաթ անց ԽՍՀՄ ղեկավարության հրամանով առաջին սենյակի (մուտքի) քանդված առաստաղը փակվել է թիթեղյա ծածկոցով` այնտեղի խոնավությունը և կաթոցները պահպանելու ու վանդալների մուտքը արգելելու համար: «Մեր կառավարության անտարբերության շնորհիվ տեղի բնակիչները վերջին 20 տարիների ընթացքում գողացան և տարան թիթեղյա ծածկոցը, իսկ անբարեխիղճ արշավախմբերը և այցելուները կոտրեցին մուտքի դուռը` անարգել ելումուտ անելու համար: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում թափանցած փոշու պատճառով քարանձավը կորցրեց ամբողջ փայլը, իսկ հազարավոր տարիների ընթացքում առաջացած բազմաձև կարստային գոյացությունները թալանվեցին և դուրս հանեցին: Այս ամենը շարունակվում է մինչ հիմա»,- գրել է նա:

Բնապահպանի դիտարկմամբ հարկավոր է փակել մուտքի անցքը՝ խոնավության մակարդակը պահպանելու համար։ Հարկավոր է սահմանափակել այցելությունների քանակը և դրանք իրականացնել միայն հատուկ մասնագետի ուղեկցությամբ։

Գոռ Հովհաննիսյանը կոչ է արել անշնորհք վերաբերմունքից և համընդհանուր անտարբերությունից փրկել այն հրաշքը, որը համաշխարհային մակարդակով նույնիսկ բացառիկ հրաշք է համարվում: «Խոսքս և խնդրանքս ուղղում եմ բոլոր արշավախմբերին, ղեկավարներին և անհատ արշավականներին: Սիրելի ընկերներ, հիմնականում հենց մեր պատճառով է, որ այդ ստորգետնյա հրաշքից ընդամենը 20%-ն է մնացել: Եկեք միասին, ձեռք-ձեռքի տված փորձենք ուղղել մեր թույլ տված սխալը և կանգնեցնենք դեռ շարունակվող ավերածությունները, որոնք բոլոր քարանձավագետները նաև սրբապղծություն են համարում»: