Նորաստեղծ «Երիտասարդ կինոգործիչների ասոցիացիան» հայկական կինոյի «նոր ալիք» է խոստանում
Վերջերս Հայաստանում մի շարք երիտասարդ կինգործիչների կողմից ստեղծվել է «Երիտասարդ կինոգործիչների ասոցիացիա», որի նպատակն է համախմբել երիտասարդ կինոգործիչների ջանքերը։
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ թեև խորհրդային տարիներից հետո շատ բան է փոխվել, իսկ մութ ու ցուրտ տարիներն անցյալում են, կինոնարտադրությունը շարունակում է քայլել խորհրդային համակարգով։ Եվ դրանից հատկապես տուժածի դերում նրանք տեսնում են իրենց՝ երիտասարդ կինոգործիչներին, որոնց մեծ մասը ստիպված են լքել հայրենիքը, իսկ նրանք, ովքեր լքելու հանարավորություն չունեն, գնալով այլընտրանքի՝ փոխում են մասնագիտությունը կամ առավելագույնը գտնում երկրորդ մասնագիտություն։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշում է ասոցիացիայի հիմնադիրներից, կինոպրոդյուսեր Շողիկ Թադևոսյանը՝ ասոցիացիայի նպատակն է համախմբել ոլորտի բոլոր երիտասարդ ուժերին, ստեղծել հիմնադրամ, որը հնարավորություն կտա տեղական և միջազգային համագործակցության համար, խթանել աշխարհի տարբեր ծայրամասերում բնակվող հայազգի երիտասարդ կինոգործիչներին և ամենակարևորը՝ ստեղծել պորֆեսիոնալ ու առողջ միջավայր նրանց համար ։
«Մինչ օրս, մենք՝ երիտասարդ կինոգործիչներս, առանձին ենք պայքարել, իսկ այժմ որոշել ենք համախմբել մեր ուժերը, հանուն մի ազնիվ նպատակի»,- ասում է Գերմանիայում բնակվող հայազգի կինոռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենյա Շեկոյանը) ։ Նիկան մտահոգիչ է համարում տարբեր լուրջ կինոփառատոների ժամանակ մի շատ սովորական, բայց նաև վիրավորող հարց լսելը ՝ թե որտե՞ղ է գտնվում Հայաստանը, կամ արդյո՞ք գոյություն ունի հայկական կինոարվեստ։ «Այո, շատերը պարզապես տեղյակ չեն մեր մասին, որը, ինչ խոսք, պատիվ չի բերում մեզ»,- ասում է Նիկան և հավելում, որ այսօր մեր հարևանները ցանկացած հեղինակավոր կինոփառատոնում ներկայանում են միանգամից մի քանի ֆիլմով, երբեմն առանձին ծրագրով։
Նախաձեռնության հեղինակներից կինոռեժիսոր, արձակագիր Արեգ Ազատյանի հավաստմամբ՝ բազմաթիվ երիտասարդ հեղինակներ, որոնք իրենցից լուրջ ուժ են ներակայացնում, այսօր համախմբվել են։ Նրանք միջազգային լուրջ հաջողությունների են հասել «Բեռլինի» «Ռոտտերդամի», «Սան Պաուլոյի», «Տոկիոյի» և այլ միջազգային կինոփառատոներում։ «Նրանք այսօր մի բռունցք են կազմել, որպեսզի մեր սերունդն ավելի ուժեղ լինի և միահամուռ ուժերով հասնի իր նպատակին, այն է՝ Հայկական կինոյի զարգացումն ու «Նոր ալիքի» ստեղծումը»,- ավելացնում է նա ։
Համահիմնադիր Սարիկ Հովսեփյանն էլ հավելում է, որ իրենց ծրագրի հիմնական նպատակն է արագ՝ մի քանի տարվա ընթացքում զարգացնել հայկական երիտասարդական կինոարտադրության որակը, որը կհամապատասխանի միջազգային որակական չափնիշներին։ Ծրագիրը բացառապես ուղղված է երիտասարդ կինոգործիչներին, քանի որ, ըստ նախաձեռնության հեղինակների՝ հենց նրանք են այսօր առավել քան վտանգված։










