«Դուռը բաց» ֆիլմում նկարահանվել են նաև ադրբեջանցիներ, իսկ Հովոն ու Արսեն Գրիգորյանը՝ 40 օր անհավանական կյանքով են ապրել
Հայկական «Դուռը բաց» կատակերգության մեջ ադրբեջանցիներ են նկարահանվել: Այս մասին Newmag ամսագրի հետ զրույցում պատմել են ֆիլմի գլխավոր դերակատարներ դերասան Հովհաննես Ազոյանն (Հովո) ու հաղորդավար, դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը և ավելացրել, որ նրանք Վրաստանում բնակվող ադրբեջանական ընտանիք են:
«Նկարահանումները հենց նրանց տանն են կատարվել: Շատ համեղ թեյ հյուրասիրեցին: Նույնիսկ զարմացած էին, որ հայերն իրենց էլ են ներգրավել նախագծում»,-ասել է Արսեն Գրիգորյանը:
Բացի ադրբեջանցիներից, ֆիլմում հանդես են գալիս ևս 6 ազգության ներակայացուցիչներ` հայ, ռուս, վրացի, օս, ուկրաինացի, ամերիկացի: Այստեղ իրադարձությունները զարգանում են ռուս-վրացական պատերազմի ժամանակաշրջանում: Նկարահանումները տևել են 40 օր, որը իրականացվել է հայ-վրացական ճանապարհներին:
«Դժվար, բայց հետաքրքիր պահերն այնքան շատ էին, որ չի տպավորվել ոչինչ»,-կատակում է Հովոն: «Ես դերասան չեմ, բայց ֆիլմի ռեժիսորն ինձ սովորեցրեց մտածել ու խաղալ։ Չէի հավատում, որ այդպես լինում է։ Ստացվեց։ Հանդիսատեսը կդիտի և կհասկանա, որ այսպիսի ֆիլմ էլ է լինում։ Այսպես էլ է հնարավոր նկարահանել, խաղալ, մտածել։ Ինչպես սնունդն է լինում սինթետիկ և բնական, այնպես էլ ֆիլմը։ «Դուռը բաց»–ը բնական սնունդ է»,– շարունակել է Հովոն։
«40 օր ապրել ենք անհավանական կյանքով, երբ չգիտես` ամսվա որ օրն է, տարվա որ եղանակն է, ժամը քանիսն է և որտեղ ես: Նույնիսկ հեռախոս չունեինք: Աշխարհից կտրված` այլ կյանքով ենք ապրել»,-նշել է Արսեն Գրիգորյանը:
Կատակերգության ռեժիսորն է Ավագ Ավագյանը: Նրա խոսքերով` ինքը ցանկացել է ցույց տալ, որ իրականում ժողովուրդները չեն ցանկանում միմյանց դեմ պատերազմել:
«Դուռը բաց» ֆիլմը պատերազմի մեջ խաղաղություն փնտրելու փորձ է։ «Ազգերն ուզում են և ապրում են միասին` ռուսը, վրացի, ամերիկացին, հայն ու ադրբեջանցին: Պատերազմական վիճակը համեմված է կովկասյան կոլորիտով: Ֆիլմում կեղծ հերոս չկա: Իրական կերպարներ են` իրական իրավիճակում»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Ավագ Ավագյանը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի երկրորդ կեսին, «Մոսկվա» կինոթատրոնում:










